|
Ծնվ. __.__._____թ. ՀԺԿ անդամ.
2008 թվականի նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձ.
Մեղադրվել է ՀՀ Քր.օր. 38-150 հոդվածով.
11.04.2008թ. ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
23.05.2008-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:
24.06.2009թ. համաներմամբ ազատ է արձակվել: | Սիմոն Ամիրխանյանը եւ Սամվել Կարապետյանը դատապարտվել են 38-150 հոդվածի հատկանիշներով` անօրինական գործողությունների դրդել: Ըստ քրգործի` «դրդվողը» եղել է վերոնշյալ ընտրական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանը: Նախաքննությանը, այնուհետեւ դատարանում տված ցուցմունքներում նա պնդել է, որ վերոնշյալ երկու ամբաստանյալները, լինելով տարածքային ընտրական հանձնաժողովում, մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մյուսը` ՀԺԿ-ի ներկայացուցիչ, ահաբեկելով, ճնշելով, սպառնալով` իրեն ստիպել են փոխել արձանագրության տվյալները: Նրանք «ճնշել» են հենց հանձնաժողովի շենքում, միջանցքում կանգնած, որտեղ լիքը մարդիկ են եղել: Թե ինչպե՞ս են ճնշել մեկին, ում, ինչպես նկարագրեց մասնակիցներից նրան ճանաչող մեկը, «չի կանա ճնշի, եթե սաղ ավազանը ոտի կայնի», հայտնի չէ: Գործով վկաներից ոչ մեկի վկայությամբ չի ապացուցվել «դրդման պահը», բայց դատարանը մեղադրանքը համարել է ապացուցված: Ի՞նչ է կատարվել իրականում: Ս.Սարգսյանը խայտառակ պարտություն է կրել տեղամասում: Իր վրա դրված տոկոսը չապահոված հանձնաժողովի նախագահը, քվեաթերթիկների պարկը մարզպետարանի շենքում թողել է ոստիկանի մոտ ու ասել է, թե մտնում է մարզպետի աշխատասենյակ: Ստեղծված իրավիճակը բավական երկար քննարկում է մարզպետի հետ եւ, ի վերջո, տարածքային հանձնաժողովին ներկայացնում է մի այլ արձանագրություն: Տեղամասային եւ նոր կազմած արձանագրությունների միջեւ եղած տարբերությունը Սիմոն Ամիրխանյանը նկատում է եւ տարածքային հանձնաժողովի նախագահ Արզումանյանից պահանջում շտկել թույլ տրված սխալը: Վերջինս նախ շնորհակալություն է հայտնում, որ Ամիրխանյանը արձանագրություն կազմելու փոխարեն սխալը շտկելու հնարավորություն է տալիս եւ Հայթյանին հանձնարարում թերությունները վերացնել: Հայթյանը թերությունները վերացնում է յուրովի` Սերժին էլի թողնում է առաջին տեղում, փոխարենը ավելացնում է մյուսների ձայները եւ այդ արձանագրությունը գնում է կենտրոնական հանձնաժողով, որտեղ էլ կեղծիքը բացվում է: Իրեն փրկելու նպատակով Հայթյանը գործի մեջ է ներքաշում Ամիրխանյանին ու Կարապետյանին: Ընդհանուր իրավասության դատարանը 3.6 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտում Հայթյանին, բայց հաշվի առնելով նրա «անկեղծ խոստովանությունը»` պայմանականով ազատ է արձակում, իսկ տղաներին դատապարտում երեք տարի ազատազրկման, իհարկե` ոչ պայմանական:
|