Ծնվ. 1967թ. Բեյրութ, Լիբանան «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող:
Ժիրայր Սէֆիլյան. Ծնվել է 1967թ. Բեյրութ, Լիբանան: Պատանի հասակից,
Լիբանանի քաղաքացիական կռիվների ընթացքում, Ժիրայրը մասնակցել է հայկական
թաղերի պաշտպանությանը: Արցախյան պայքարին մասնակցելու նպատակով 1990թ.
հաստատվել է հայրենիքում: Որպես զինվորական մարզիչ 1990թ-ից մասնակցել է
Հայաստանի տարբեր շրջանների ինքնապաշտպանական խմբերի կազմավորմանը: 1991թ.
որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների
բնակավայրերի պաշտպանությանը: 1992թ. Դաշնակցության մարտական խմբերի հիմքի
վրա ձևավորվեց Արցախի բանակի առաջին վաշտերից մեկը: Վերջինիս հիմքի վրա
ամիսներ անց ձևավորվեց ԼՂՀ պաշտպանական բանակի Շուշիի առանձնակի
գումարտակը: Պատերազմի ամբողջ ընթացքում այս զորամասի հրամանատարը
Սէֆիլյանն էր: Նրա ղեկավարությամբ զորամասի ստորաբաժանումները մասնակցել
են ԼՂՀ բոլոր շրջանների` Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի,
Մարտունիի, Հադրութի, Քարվաճառի, Արաքսի ափամերձ շրջանների և Աղդամի
ազատագրմանը և պաշտպանությանը: Պատերազմից հետո Սէֆիլյանը 1997-98թթ.
պաշտոնավարել է որպես ԼՂՀ ՊԲ վեցերորդ պաշտպանական շրջանի (բրիգադի)
հրամանատար: Ժիրայր Սէֆիլյանը պարգևատրվել է Մարտական խաչ առաջին
աստիճանի շքանշանով, մարտական մեդալներով, կառավարական այլ պարգևներով: Նա
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է: 2001թ.-ից Ժիրայր Սէֆիլյանը համակարգում
է "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնությունը,
որը խիստ քննադատության է ենթարկում իշխանությունների պարտվողական
կեցվածքը Ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես տարածքները
զիջելու պատրաստակամությունը: Նրա նախաձեռնությամբ տպագրվում է
"Ազատագրում" ազգային-քաղաքական պարբերականը: Նախկինում` 1986-99թթ,
անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: Արդեն 16 տարի Ժիրայր Սեֆիլյանը
բնակվում է Հայրենիքում: Ձերբակալվել է 2006թ. դեկտեմբերի 9-ին,
մեղադրվելով ՀՀ քրեկան օրենսգրքի 301 հոդվածով՝ պետական իշխանությունը
բռնությամբ զավթելու կոչեր անելու համար: