Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » 2008թ. մարտի 1 » Գրական անդրադարձեր » Էլի գարուն կգա...
Էլի գարուն կգա...
krDate: Saturday, 2008-12-27, 2:12 PM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին։ Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը։ Ոտքս չեմ կարողանում դնել գետնին։ Ինձ թվում է` գետնի վրա պառկած են անմեղ երիտասարդներ, որոնց միակ մեղքը ազատ հայ լինելն էր։ Նրանք ընկան թշնամու արձակած փամփուշտներից ու իրենց արյունով ներկեցին Երեւանի փողոցները։ Այդ ներկված փողոցներով ես չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, թե գետնին ոտք դնելը մեղք է։ Չեմ կարողանում նայել նաեւ այն ջիպերին, որոնք իրենց անվադողերով տրորում են արյունով ներկված փողոցները։ Չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, որ արյունը, ներծծվելով քրքրված կոշիկներիս մեջ, ետեւիցս ոտնահետքեր կթողնի, որոնք ինձ կհետապնդեն ու կոչնչացնեն որպես մի մեղսագործի, ով առանց ետ նայելու քայլեց արյունով ներկված փողոցներով։
Արյունոտ ոտնահետքերը գնում են մինչեւ Բաղրամյան պողոտա ու հետ վերադառնում յուրաքանչյուր հայի օջախ։ Փորձում եմ ապաշխարհություն գտնել եկեղեցում, սակայն ոտքերս չլփալով խրվում են արյան փոսի մեջ, եւ նույնիսկ Հիսուսի արյունը չի կարողանում լերդացնել եկեղեցում լճացած արյունը։ Մինչեւ ծունկս մխրճվում եմ արյան մեջ, որի ակունքը Բաղրամյան պողոտայից մեծանում ու մի փոքրիկ վտակից դառնում է վարարող գետ։ Երեւանի կենտրոնում արդեն երեւում են արյան շիթեր, որոնք հրաբխի լավայի պես ժայթքում են վերեւ ու արյան կաթիլները ցպնում աջ ու ձախ։ Կաթիլները շփալով թռչում են դեմքիս, ու ես ինձ զգում եմ որպես ամենավերջին անպետքություն, քանզի ձեռքերովս ու մարմնովս չեմ կարողանում փակել գետնի տակից դուրս եկող արյան շիթը։
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին՝ վախենալով, որ կխեղդվեմ արյան գետում, որը գոյացավ գարնան առաջին ու միաժամանակ վերջին օրը։ Չնայած իմ խեղդվելու վախին պագոնավորները, օլիգարխները, իշխանավորները, Ղարաբաղից բերված ուժերը լողում են այդ գետում ու բերանները արյուն լցնելով՝ պղպջակներ արձակում։
Փորձում եմ համոզել, որ դա արյուն չէ, այլ գարնան կակաչներն են ծածկել փողոցները, սակայն կակաչներին որտեղի՞ց այդքան կարմրություն։
Իմ արյունն եմ թափում գետնին, որպեսզի խառնվելով սպանված երիտասարդների արյանը, մի փոքր ջրիկացնի այդ արյան թանձրությունը ու ինձ թույլ տա՝ ոտքս դնեմ գետնին, սակայն արյունս չի ընդունվում, ոչ այն պատճառով, որ ռեզուսային տարբերություն կա, այլ նրա համար, որ գարնան առաջին օրը չխառնեցի այն։ Դրանից հետո ցանկացած գործողություն պարզապես խնդրանք է, որպեսզի թույլ տրվի՝ ոտքդ դնես գետնին ու վստահ լինես, որ այն չի դիպչի փողոցում ընկած հայրենակցիդ դիակին։
Սկսում եմ ելքեր որոնել, դիտավորյալ չեմ ասում՝ քայլեր ձեռնարկել, քանզի ցանկացած քայլ կնշանակի դիպչել գետնին։ Լեւիտացիային էլ չեմ տիրապետում, որ թռչելով տեղաշարժվեմ։ Մնում է մի տարբերակ. փակվել ու սպասել՝ երբ արդարության մեռոնը կլվանա այդ անմեղ պատանիների արյունները, իսկ նրանց, ովքեր այսօր խրախճանում են արյան գետում, հենց այդ նույն արյունը նրանց կխորտակի՝ իրենց ցինիզմի ու լկտիության համար, իսկ ամենակարեւորը այն պարզ պատճառով, որ արյան վրայով չի կարելի քայլել, առավել եւս իշխանության գալ։

Առաքել Սարգսյան
 
Forum » 2008թ. մարտի 1 » Գրական անդրադարձեր » Էլի գարուն կգա...
  • Page 1 of 1
  • 1
Search:

Friday, 2024-04-19, 10:17 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics