2002թ. ՀՀ հատուկ ծառայությունները ձերբակալեցին, իսկ այնուհետեւ լրտեսության մեղադրանքով տասը տարվա ազատազրկման դատապարտեցին Մուրադ Բոջոլյանին, ով լինելով թուրքագետ, ընդամենը համաձայնել էր թուրքական լրատվամիջոցներին ներկայացնել հայկական մամուլի տեսություն: ՀՀ իշխանությունները, ղեկավարվելով հանրությանն անհայտ մղումներով, առանց հանցանքն ապացուցող հիմնավոր փաստերի` նրան մեղադրել են պատիվն անվանարկող այնպիսի հոդվածով, ինչպիսին լրտեսությունն է`շատ լավ իմանալով, որ մամուլի տեսությունը իրենից որեւէ պետական գաղտնիք ներկայացնել չի կարող:
Արդեն յոթ տարի է, ինչ նա գտնվում է անազատության մեջ եւ իրավունք ունի օգտվելու պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությունից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը օրերս բավարարեց Բոջոլյանի հայցը եւ պարտադրեց ՀՀ ԱՆ ՙԵրեւան-Կենտրոն՚ ՔԿՀ-ին պայմանական-վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին: Մոտ ժամանակներս վերոնշյալ հանձնաժողովը պետք է քննի Բոջոլյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ Բոջոլյանը հալածվում է չգործած հանցանքի համար, դատապարտում է նրա ազատազրկումը եւ պահանջում հարգել պայմանական-վաղաժամկետ ազատվելու նրա իրավունքը:
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե