ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական բանդիտիզմի նոր դրսևորում Ս/թ փետրվարի 24-ին ՀՀ ԱԱԾ ՙԱլֆա՚ ջոկատի զինված ու դիմակավոր գրոհայինները մայրաքաղաքի Էրեբունու շուկայի մոտ, օրը ցերեկով, հանրության աչքի առջև հարձակվել են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի ծառայողական մեքենաների վրա: Նրանք կոպտորեն, գոռում-գոչյունով ու սպառնալիքներով գետնին են պառկեցրել Արամ Կարապետյանին, ՆԺԿ վարչության անդամ Սամվել Խաչատրյանին, թիկնազորի տղաներին ու վարորդներին, այնուհետև նրանց տարել ՀՀ ԱԱԾ կենտրոնական մասնաշենք:
ՀՀ ԿԱ ԱԱԾ Քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից նույն օրը կազմված ձերբակալման արձանագրության մեջ նշված է. ՙԱրամ Կարապետյանը կասկածվում է հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ, որը զուգորդվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին առանձնապես ծանր հանցագոր¬ծու¬թյունների` պետական դավաճանության և տեռորիստական ակտի կազմակերպման մեջ նրանց մեղադրելով՚:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՆԺԿ նախագահը թողարկել էր իր երկրորդ լազերային սկավառակը, որում մասնավորապես անդրադարձել էր հանրապետական մամուլում հրապարակված /ՙՀայկական ժամանակ՚, թիվ 25, 09.02.2008թ./ իշխանությունների այն նախագծին, ըստ որի` Մեղրին պետք է հանձնվեր Ադրբեջանին, ինչպես նաև անդրադարձ էր եղել այն տեղեկությանը, ըստ որի` Մեղրին հանձնելու հրեշավոր ծրագրի և 1999թ. հոկտեմբերի 27-ի միջև հնարավոր կապ գոյություն ունի: Ավելին, խնդրի շուրջ իր մտահոգություններն Արամ Կարապետյանը նամակների միջոցով հայտնել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին:
Ավելացնենք, որ ձերբակալման վերոհիշյալ արձանագրության մեջ նշված է նաև Արամ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի` ՆԺԿ նախագահն իրեն մեղսագրվող արարքի հետ որևէ առնչություն չունի, քանզի իր արարքում սուտ մատնության հատկանիշներ չկան:
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկել են ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության կենտրոնական գրասենյակը, կնքել և իրենց հետ տարել են համակարգիչները: Մի քանի ժամ տևած խուզարկության արդյունքում նրանք այդպես էլ չեն գտել իրենց կասկածները հաստատող և Արամ Կարապետյանի գործունեությունը մերկացնող որևէ իր կամ փաստաթուղթ:
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության
լրատվական ծառայություն
25.02.2008թ.