Our poll
Մարտի 1-ին ո՞վ է հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա
Total of answers: 541
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: kr  
ՏԵՂԵԿԱՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ «ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ
krDate: Monday, 2008-06-23, 10:49 AM | Message # 1
Group: Administrators
Messages: 17
Status: Offline
«Քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածանքների»
հասարակական հանձնախումբ

ՏԵՂԵԿԱՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ «ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ

Քանի որ, մեր համոզմամբ, Գրիգոր Ոսկերչյանի կալանքը ուղղակիորեն կապված է նրա քաղաքական գործունեության, մասնավորապես` 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում նրա ունեցած դերակատարման հետ, ուստի անհրաժեշտ ենք համարում որոշ տեղեկություններ ներկայացնել նրա գործունեության այդ ժամանակահատվածի վերաբերյալ:
Գրիգոր Ոսկերչյանը ընտրվել է Լեւոն Տեր–Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավար Հայաստանի ժողովրդական կուսակցության, ՙՀանրապետություն՚ կուսակցության, Հայոց համազգային շարժում կուսակցության եւ ՙԱյլընտրանք՚ հասարակական – քաղաքական նախաձեռնության Աբովյանի տարածքային կազմակերպությունների համատեղ որոշմամբ: Լեւոն Տեր–Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի գործունեության ոլորտն ընդգրկել է Աբովյան եւ Բյուրեղավան քաղաքները, ինչպես նաեւ տարածաշրջանի շուրջ 30 գյուղերը:

Ընտրություններ
Աբովյանի տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված օբյեկտիվ բարդությունները թելադրում էին նախընտրական շտաբի ղեկավարի գլխավոր խնդիրը. ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը եւ առավելագույնս կանխել հնարավոր օրինախախտումներն ու զեղծարարությունները: Ուստի Գ.Ոսկերչյանի գործողությունները զգալի մասով նպատակաուղղված էին այդ խնդրի լուծմանը:
Ամբողջ նախընտրական շրջանում ահաբեկումների ու սպառնալիքների են ենթարկվել Լեւոն Տեր–Պետրոսյանի 15 վստահված անձինք եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների 5 անդամներ: Ահաբեկումների դեպքերի մասին Գրիգոր Ոսկերչյանը գրավոր տեղեկանք է ներկայացրել Լեւոն Տեր–Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբ (նշված տվյալները ընդգրկվել են Լեւոն Տեր–Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի կողմից կազմված եւ միջազգային կազմակերութուններին ներկայացված բյուլետեններում), իսկ ահաբեկման ենթարկված տեղամասային ընտրական հանձնաժողովների երեք անդամներ այդ մասին հայտնել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդներ Անդրե Բուշաղին եւ Ուրսուլա Վագներին: Ներկայացված փաստերին որեւէ ընթացք չի տրվել:
13.02.2008 թ.-ին թիվ 013 գրությամբ (փոստային անդորրագիր թիվ 275) Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանը Կոտայքի մարզի դատախազին տեղեկացրել է այն մասին, որ տարածաշրջանի գյուղերում զանգվածաբար բաժանվում են գումարներ` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար եւ խնդրել է կանխել ապօրինությունները: Նույն օրը նա այդ մասին տեղեկացրել է նաեւ թիվ 27 եւ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին (փոստային անդորրագրեր թիվ 276 եւ 277): Նշված գրություններից ոչ մեկին ընթացք չի տրվել, իսկ ապօրինությունները շարունակվել են:
ՀՀ Նախագահի ընտրությունների օրը` 2008թ.-ի փետրվարի 19-ին, միայն Աբովյան քաղաքում բռնության ու ահաբեկչության են ենթարկվել Գ.Ոսկերչյանի ղեկավարած նախընտրական շտաբի անդամ հանդիսացող, Լեւոն Տեր–Պետրոսյանի 20 վստահված անձինք, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների 6 անդամներ եւ 8 դիտորդներ: Նրանցից 10-ը բռնության փաստերի վերաբերյալ հայտարարություններ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ Կոտայքի մարզի ոստիկանության Աբովյանի բաժին: Բացի դա, ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներ ներկայացված բազմաթիվ բողոքներից (որոնք հետագայում ընդգրկվել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված ընտրությունների արդյունքների բողոքարկման փաթեթում) եւս 6-ը պարունակում են տեղեկություններ կատարված քրեական հանցագործությունների մասին: Ընդ որում, նշված 16 բողոքներից առնվազն 3-ում կան տվյալներ բռնությունները ղեկավարող միեւնույն անձի մասին: Բռնությունների ենթարկված վստահված անձանցից երեքը` Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ Լարիսա Թորոսյանը ընտրությունների օրը կազմակերպել են նաեւ մամուլի ասուլիս Երեւանում, որի ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հետ կատարվածի մանրամասները: Նշված բոլոր դեպքերից ՀՀ դատախազությունը քննություն է կատարել միայն հայաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներով լայնորեն լուսաբանված` Լեւոն Տեր–Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանի հայտարարության մասով: Մեր ունեցած հավաստի տվյալներով, սակայն, Լարիսա Թորոսյանին հունիսի 23-ին հրավիրել են ՀՀ դատախազություն` հարուցված քրեական գործի կարճման մասին իրազեկելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, կատարված ընտրախախտումների` լցոնումների, ահաբեկումների, բռնությունների, ընտրական փաստաթղթերը կեղծելու վերաբերյալ Լեւոն Տեր–Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի անդամները ներկայացրել են շուրջ 40 բողոքներ, որոնցից, ինչպես վերը նշեցինք, ընթացք էր ստացել միայն Լարիսա Թորոսյանի հայտարարությունը: Պատկերը ամբողջացնելու նպատակով նշենք, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներով, Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ընտրություններին ընտրողների մասնակցության միջին թիվը կազմել է 84%, իսկ ընտրատարածքի 35 տեղամասերից 13-ում` գերազանցել է 90%-ը, այդ թվում` 28/32 տեղամասում` 102%, 28/35 տեղամասում` 100%, 28/2 տեղամասում` 97.5%, 28/7 տեղամասում` 96.5%, 28/1 տեղամասում` 95%, 28/12 տեղամասում` 95%, 28/15 տեղամասում` 95% եւ այլն:
Արդյունքում, ընտրակեղծիքների ու բռնությունների հեղինակների փոխարեն, ձերբակալվել եւ կալանքի է ենթարկվել այդ փաստերն արձանագրած ու դրանք կանխել փորձող Լեւոն Տեր – Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանը:

Գրիգոր Ոսկերչյանի կալանքը եւ հարուցված քրեական գործի ընթացքը
Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 8-ին` ինքնակամ ներկայանալով Կոտայքի մարզի ոստիկանության Աբովյանի բաժին` ոստիկանապետի խնդրանքով: Մինչեւ ձերբակալությունը Գրիգոր Ոսկերչյանը չի թաքնվել, ամեն օր գտնվել է նախընտրական շտաբի գրասենյակում, մասնակցել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերին, երկու անգամ այցելել է նաեւ Աբովյանի ոստիկանություն` ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված բողոքների ընթացքը պարզելու նպատակով:
Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց, ընտրվել է Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2008թ. մարտի 11-ին եւ նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով` որպես 2008թ.-ի մարտի 1-ին բռնություններով եւ պետական ունեցվածքի վնասներով ուղեկցվող մասսայական անկարգությունների կազմակերպիչ: Դատարանը մերժել է Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, անտեսելով Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակի մասին ներկայացված տեղեկանքը (Ոսկերչյանը 2004թ.-ին տարել է թոքի ինֆարկտ եւ ստացիոնար բուժման է ենթարկվել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ կլինիկայում), ինչպես նաեւ 200 քաղաքացիների կողմից Գրիգոր Ոսկերչյանին տրված բնութագիրը եւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ խնդրանքը: Նույն դատարանի 2008թ. մայիսի 6-ի որոշմամբ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով` մինչեւ 2008թ. հուլիսի 11-ը: Այս անգամ դատարանը մերժել է Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանի` ՀՀ ՔՕ-ով հիմնավորված միջնորդությունը` նախաքննական մարմնի կողմից Գրիգոր Ոսկերչյանի մեղքը ապացուցող փաստեր ներկայացնելու պահանջի մասին: Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներն էլ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանի կողմից բողոքարկվել են վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է բողոքները:
2008թ. հունիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի 6 պատգամավորներ ներկայացրել են միջնորդություն (որը իրենց ստորագրությամբ պաշտպանել են նաեւ 600 քաղաքացիներ)` Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորության հիման վրա Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանը 2008թ. հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին, որը մինչեւ այժմ մնացել է անպատասխան:
Նշենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը արգելանք է տարածել Գրիգոր Ոսկերչյանին ու նրա տիկնոջը` Մարինե Հարությունյանին, համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա: Ավտոմեքենան արգելանքից ազատելու կամ Մարինե Հարությունյանին ի պահ հանձնելու վերաբերյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանի երկու միջնորդությունները նույնպես մերժվել են:
2008թ. մարտի 15–16-ին Գրիգոր Ոսկերչյանին պատկանող երկու բնակարաններում, ամառանոցում եւ ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում չեն հայտնաբերվել զենք, զինամթերք, օրենքի խախտմամբ պահվող իրեր կամ փաստաթղթեր: Նույնպիսի արդյունք են տվել նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի գրասենյակի խուզարկությունները: Նշենք միայն, որ նախընտրական շտաբի գրասենյակի խուզարկությունների ժամանակ ապօրինաբար առգրավվել են մեղսագրվող հանցանքի հետ որեւէ կապ չունեցող, ընտրական գործընթացին առնչվող բոլոր փաստաթղթերը: Մարտի 1-ի դեպքերի վայրում կատարված տարբեր իրերի փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում չեն հայտնաբերել Գրիգոր Ոսկերչյանին կամ Աբովյանի նախընտրական շտաբի անդամներին կամ ակտիվիստներին պատկանող իրեր, կամ նրանց մատնահետքերով որեւէ առարկաներ:

Նախաքննության ընթացքը եւ վկաների հարցաքննությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, «Գրիգոր Ոսկերչյանի գործով» հարցաքննվել են շուրջ 140 քաղաքացիներ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը Աբովյանի նախընտրական շտաբի անդամներն են, Լեւոն Տեր–Պետրոսյանի վստահված անձինք են, դիտորդներ եւ շարժման ակտիվիստներն են: Այլ կերպ ասած, հարցաքննվում է ցանկացած ոք, ով այս կամ այլ կերպ առնչություն է ունեցել ոչ թե մարտի 1-ի իրադարձություններին, այլ ընտրական գործընթացներին:
Նախաքննության գաղտնիության պահանջը չխախտելու նպատակով, կանդրադառնանք միայն հարցաքննությունների ժամանակ քննչական մարմինների կողից կիրառվող մեթոդներին:
Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ գրեթե առանց բացառությունների նախաքննության ամբողջ ընթացքը ուղեկցվել է օրենքի եւ մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտումներով: Դրանք կարելի է խմբավորել հետեւյալ կետերում.
• մեկ-երկու բացառություններով, քաղաքացիները հարցաքննության են տարվել առանց համապատասխան իրազեկման ու բացատրության,
• բազմաթիվ դեպքերում քաղաքացիները ենթարկվել են 8–15 ժամյա անընդմեջ հարցաքննությունների, այդ թվում` գիշերվա ժամերին,
• որոշ դեպքերում կիրառվել է ֆիզիկական բռնություն` ծեծ, կամ ֆիզիկական բռնության սպառնալիք,
• գրեթե բոլոր դեպքերում կիրառվել են հոգեբանական ճնշման միջոցներ` հայհոյանքներ, իրենց կամ մերձավորների նկատմամբ «ՙգործ սարքելու» սպառնալիքներ, եղել է նույնիսկ ազգականին բերման ենթարկելու նպատակով պատանդ պահելու դեպք,
• անխտիր բոլոր դեպքերում քաղաքացիները զրկված են եղել փաստաբան հրավիրելու հնարավորությունից,
• անխտիր բոլոր դեպքերում քաղաքացիները իրենց կարգավիճակի մասին իմացել են հարցաքննության ավարտից հետո միայն:
Օրենքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթացող նախաքննության մասին դեռեւս 2008թ.-ի մայիսի 2-ի հայտարարությամբ ահազանգել են Հայաստանի ժողովրդական կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, Հայոց համազգային շարժում կուսակցության եւ «Այլընտրանք» հասարակական – քաղաքական նախաձեռնության Աբովյանի տարածքային կազմակերպությունները (հայտարարությունը հրապարակվել է «Ժամանակ Երեւան», «Հայք» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերում):
Կատարված օրինախախտումների փաստերի մասին արդեն յոթ հարցաքննված քաղաքացիներ համապատասխան հայտարարություններով դիմել են Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանին, եւս հինգը հայտնել են հայտարարություն կատարելու իրենց մտադրության մասին:
Չնայած նրան, որ Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, եւ որ «Գրիգոր Ոսկերչյանի գործով» հարցաքննվել են շուրջ 140 քաղաքացիներ, սակայն նրանցից եւ ոչ մեկին, առավել եւս Աբովյանի նախընտրական շտաբի անդամներին, Լեւոն Տեր–Պետրոսյանի վստահված անձանց եւ շարժման ակտիվիստներին, փաստերի եւ ապացույցների բացակայության պատճառով չի ներկայացվել մասսայական անկարգություններին մասնակցության մեղադրանք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով վերը շարադրվածը, կարելի է հանգել հետեւյալ եզրակացությունների.
1. Գրիգոր Ոսկերչյանը ինքնակամ է ներկայացել Աբովյանի ոստիկանություն, հետեւաբար որեւէ պատճառ կամ մտադրություն չի ունեցել թաքնվելու կամ խուսափելու նախաքննությունից,
2. Նախաքննության մարմինը եւ դատարանը Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, չեն ցանկացել հաշվի առնել ինչպես Գրիգոր Ոսկերչյանի ինքնակամ ներկայանալու հանգամանքը, այնպես էլ ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորությունը, 600 քաղաքացիների կողմից տրված բնութագիրը եւ ցուցաբերած աջակցությունը, Գրիգոր Ոսկերչյանի առողջական խնդիրները, նրա անբասիր կենսագրությունն ու հասարակական վարկը: Հետեւաբար, հիմք կա կասկածելու նախաքննության մարմնի ու դատարանի անաչառությանն ու անկողմնակալությանը,
3. Փաստերի բացակայության պատճառով, ինչը հիմնավորվում է նաեւ փորձագիտական եզրակացություններով եւ կատարված խուզարկությունների արդյունքներով, նախաքննության մարմինը չի ներկայացրել որեւէ ապացույց այն մասին, որ Գրիգոր Ոսկերչյանը անձամբ մասնակցած լինի որեւէ բռնության, կամ ավտոմեքենաների հրկիզումներին, կամ խանութների թալանին, կամ դիմադրություն ցուցաբերած լինի որեւէ ոստիկանի,
4. Նույնպես փատերի եւ վկայությունների բացակայության պատճառով, նախաքննության մարմինը չի ներկայացրել որեւէ ապացույց առ այն, որ Գրիգոր Ոսկերչյանը հրապարակային ելույթներով բռնությունների եւ անկարգությունների կոչեր արած լինի,
5. Փատերի ու վկայությունների բացակայության պատճառով, նախաքննության մարմինը չի ներկայացրել նաեւ որեւէ ապացույց, որ Գրիգոր Ոսկերչյանը անձամբ, կամ ուրիշներին հրահանգելու կամ հանձնարարելու միջոցով պատրաստած լինի գործիքներ կամ առարկաներ, որոնք օգտագործված պետք է լինեին մասսայական անկարգությունների ժամանակ,
6. Տեսանյութերով եւ վկայություններով հաստատվող փաստերի բացակայության պատճառով, ապացույցներ չկան Աբովյանի նախընտրական շտաբի անդամների կամ շարժման ակտիվիստների կողմից որեւէ բռնության կամ անկարգության մասնակցության մասին, ուստի նրանցից ոչ մեկին այդպիսի մեղադրանք չի ներկայացվել: Հետեւաբար, քանի որ Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է մասսայական անկարգությունների կազմակերպման մեջ, մնում է անտրամաբանական այն ենթադրությունը, որ իր թիմակիցներին կազմակերպելու փոխարեն, նա կազմակերպել է բոլորովին այլ, իրեն անծանոթ մարդկանց: Չի բացառվում իհարկե, որ նախաքննական մարմինը ի հայտ բերի Գրիգոր Ոսկերչյանին անծանոթ` կեղծ «վկաների», սակայն դրանց դիմակազերծումը դժվարություն չի ներկայացնի:
7. Առկա փաստերը, մասնավորապես հարցաքննված քաղաքացիների հայտարարությունները վկայում են, որ նախաքննությունն ընթանում է օրենքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, հետեւաբար լուրջ հարցականի տակ պետք է դնել նախաքննության օրինականությունն ու անկողմնակալությունը,
8. Ընտրական գործընթացներում ներգրավված շուրջ 140 քաղաքացիների հարցաքննությունը եւ ընտրական փաստաթղթերի առգրավումը, մեր կարծիքով, քաղաքական ահաբեկման նպատակ է հետապնդում եւ քաղաքական հակառակորդի հենարանը ջարդելուն զուգահեռ ուղղված է նաեւ ընտրական ինստիտուտի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանը,
9. Ընտրությունների ընթացքում Գրիգոր Ոսկերչյանի ղեկավարած նախընտրական շտաբի անդամների կողմից արձանագրված ընտրակեղծիքների փաստերի կոծկումը եւ դատախազություն ներկայացված բողոքներն անարձագանք թողնելը նույնպես վկայում են, որ նախաքննության մարմինը առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ նրա գործողություններն ուղղորդվում են: Գրիգոր Ոսկերչյանի կալանավորումը հավանաբար անհրաժեշտ է այդ գործերն անարգելք կարճելու համար:

Ընդհանրացնելով, կարելի է փաստել, որ նախաքննության մարմինն ի վիճակի չէ ապացուցելու Գրիգոր Ոսկերչյանին մեղսագրվող արարքները: Հետեւաբար, Գրիգոր Ոսկերչյանին ներկայացված մեղադրանքն անհիմն ու շինծու է, իսկ նրա կալանավորումը` ապօրինի եւ թելադրված է բացառապես քաղաքական պատճառներով:

 
  • Page 1 of 1
  • 1
Search:

Wednesday, 2024-11-27, 2:48 AM
Welcome Guest
Login form
Tag Board
Site friends

«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» միջոցով կարող եք կրեդիտ քարտով նվիրատվություն կատարել հենց հիմա` սեղմելով այս կոճակը
Տարբեր երկրներից բանկային փոխանցումներ կատարելու մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Statistics