Քաղբանտարկյալ, "Ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը կարելի է բուժել բարձրակարգ բժշկական միջամտությամբ, ինչը հնարավոր է միայն նրա ազատության մեջ գտնվելու պարագայում:
Բաբաջանյանը օրենքի սահմաններում մի քանի անգամ պայմանական վաղակետ ազատման հնարավորություն է ունեցել, սակայն մշտապես մերժվել է: Այս անհիմն ու ապօրինի մերժումներով ՀՀ իշխանությունները մեկ ավելորդ անգամ եւս ապացուցել են, որ նրա նկատմամբ ընդամենը հաշվեհարդար է կայացվում եւ, որ նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդումը, խտրական մոտեցման օրինակ հանդիսացող դատավարությունը, իր խստությամբ անօրինակ դատավճիռը պայմանավորված են միայն նրա մասնագիտական գործունեությամբ եւ տեղավորվում են հայաստանյան իշխանությունների դաժան ու մարդատյաց գործելաոճի շրջանակներում:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն մտահոգ Արման Բաբաջանյանի առողջությամբ ՀՀ իշխանություններից պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել, առավել եւս, որ նրա պատժի ավարտին հաշվված օրեր են մնացել:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե