Այս տարվա դեկտեմբերի 23-ին, "7-ի գործով" ակնհայտ շինծու եւ քաղաքական դատավարության մեկնարկից առաջ, "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում հատուկ ջոկատայինների կողմից բանտախցում խոշտանգման է ենթարկել քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը: ՀՀ իշխանություններին հարիր այս փոքրոգի գործողությամբ էլ մեկնարկեց դեկտեմբերի 23-ի դատավարությունը: Դատական ողջ պրոցեսը հիշեցնում էր քրեական աշխարհին յուրահատուկ հաշվեհարդար: Դատարանի կողմից տարատեսակ ճնշումների էին ենթարկվում քաղբանտարկյալները: Հենց դատարանի դահլիճում հարձակումներ էին կազմակերպվում դատվող քաղբանտարկյալների հարազատների եւ ընկերների վրա, սահմանափակվում էր ընդհանրապես քաղաքացիների եւ մասնավորապես քաղբանտարկյալների ընկերիերի ու բարեկամների մուտքը դատարանի դահլիճ: Դահլիճը նախապես լցված էր քաղաքացիական հագուստով ոստիկաններով, որոնց թվում էին նաեւ այն ոստիկանները, ում շինծու ցուցմունքներով բազմաթիվ քաղաքական գործիչներ արդեն իսկ դատապարտվել են: Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները որեւէ հետեւություն չեն անում ո’չ երկրի ներսում, ե’ւ ոչ էլ դրսում ծավալված Հայաստանին առընչվող զարգացումներից եւ պատրաստ են գնալ ցանկացած քայլի` իրենց անօրեն իշխանությունը պահելու եւ իրենց սեփական բարեկեցությունը ապահովելու նպատակով: Քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ այս ամենի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են եւ առաջարկում է նրանց` այսուհետ դադարեցնել այսօրինակ բռնությունների ցանկացած փորձ` աչքի առաջ ունենալով պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը:
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե